Նորայր Մուրադխանյանի համար Հայաստանի ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության պետի պաշտոնում նշանակվելը եւ անակնկալ է եղել, եւ սպասելի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Նորայր Մուրադխանյանը, սակայն չնշեց, թե ինչ առումով էր այդ պաշտանում իր նշանակումը սպասելի:

Դիտարկմանը, թե գուցե այս ընթացքում չկարողացա՞ն իր բացը լրացնել, դրա համար հետ բերեցին իրեն, նա արձագանքեց. «Նման կարծիք ես երբեք չեմ ունեցել: Միգուցե գտան, որ ավելի նպատակահարմար է, որ այստեղ իմ ծառայությունը շարունակեմ»: Նա նշեց, որ ինքը ծառայող է եւ լինում է այնտեղ, որտեղ գտնում են նպատակահարմար: Իսկ նշանակումից հետո առաջին անգամ իր աշխատասենյակ գնալու է տոներից հետո` երկուշաբթի օրվանից:

Հարցին, թե այս ընթացքում տվյալ վարչությունում թերացումներ կամ ատկատնե՞ր են եղել, որ անհրաժեշտ է առաջացել փոխել ղեկավարին, Մուրադխանյանը պատասխանեց. «Նման հասկացողություն անձնագրային վարչությունում եւ ոստիկանությունում ընդհանրապես չկա»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ աշխատանքից ազատվել է Հայաստանի ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը: Այդ պաշտոնում նշանակվել է Նորայր Մուրադխանյանը, ով այդ նույն պաշտոնից ազատվել էր 2012 թվականի հունվարին, իսկ 2012թ-ի օգոստոսին նա նշանակվել էր ոստիկանության պետի  աշխատակազմի ղեկավար: