Կոտայքի մարզի Արգել համայնքում շարունակվում են իրականացվել կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումները, կապված համայնքի բնակչության շրջանում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով դեպքերի հետ:
Մասնավորապես`
• շարունակվել են բակային համայցերը, որի արդյունքում հայտնաբերվել է 2 հիվանդ, վերջիններս հոսպիտալացվել են,
• շարունակվել են խմելու ջրի լաբորատոր հետազոտությունները, որոնց արդյունքում հայտնաբերվել են շեղումներ,
• աղեստամոսքային խանգարումներով հիվանդներից իրականացվել են նմուշառումներ` մանրէաբանական հետազոտությունների նպատակով:
Ներկայումս առկա է հոսպիտալացված 7 հիվանդ, որոնց վիճակը բավարար է, ունեն առողջացման դրական շարժընթաց:
Ինչպես համաճարակաբանական, այնպես էլ լաբորատոր հետազոտությունների արդյունքները վկայում են այն մասին, որ Արգել համայնքի բնակչության շրջանում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով հիվանդության դեպքերի արձանագրման հավանական աղբյուրը համարվում է խմելու ջուրը, քանի որ
1. հիվանդության դեպքերն արձանագրվել են միաժամանակ,
2. ընթանում են թեթեւ ընթացքով,
3. հիվանդներն արձանագրվում են համայնքի տարբեր թաղամասերում եւ ունեն միեւնույն կլինիկական ախտանշանները,
4. խմելու ջրի որակի վատացումը` մանրէաբանական ցուցանիշներ, համընկնում է համայնքում ոռոգման ջրի տրման հետ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կոտայքի մարզի Նաիրիի տարածաշրջանի Արգել համայնքում բնակչության շրջանում արձանագրվում են աղեստամոքսային գանգատներով տասնյակից ավելի դեպքեր: Ամենայն հավանականությամբ, պատճառը խմելու ջուրն է: Խմելու ջրի լաբորատոր հետազոտություններն ընթացքում են:




























