Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մայիսի 9-ին, մայրաքաղաք Ստեփանակերտում եւ Շուշի քաղաքում մասնակցում է վաղ առավոտից մեկնարկած Հաղթանակի տոնի 68-րդ, ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը, Արցախի իշխանությունների, ՀՀ կառավարական պատվիրակության անդամների եւ տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով ԼՂՀ ժամանած հյուրերի հետ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել՝ ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին եւ Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին:

Հանրապետության նախագահը, տոնական միջոցառումների շրջանակներում այցելել է նաեւ Շուշի՝ ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել Տանկ-հուշարձանի պատվանդանին եւ սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին:

Սերժ Սարգսյանը մասնակցել է նաեւ Շուշիի կերպարվեստի թանգարանի բացման արարողությանը: Ավելի ուշ Հանրապետության Նախագահը կմասնակցի «Արցախի ազատամարտիկների միություն» ՀԿ գրասենյակի բացմանը:

Երեկոյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ նախագահը ներկա կգտնվի եռատոնին նվիրված տոնական համերգին: