Թեեւ նախագահական ընտրությունները Հայաստանում փետրվարի 18-ին ընդհանուր առմամբ լավ էին կազմակերպված` հիմնական ազատությունների հարգմամբ, կարելի է ավելին անել ընտրական գործընթացի ազնվության նկատմամբ հասարակական վստահությունը բարձրացնելու համար: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության վերջնական զեկույցում:
Զեկույցում մասնավորապես նշվում է, թե այն ժամանակ, երբ մասնակիցները կարողացան ազատորեն ընտրարշավ իրականացնել, եւ լրատվամիջոցները կատարեցին իրենց իրավական պարտավորությունները գործընթացի հավասարակշռված լուսաբանում ներկայացնելու ուղղությամբ, մտահոգություն էր առաջացնում պետական կառավարման անտարբերությունն ու ընտրողների վրա ճնշումների դեպքերը:
«Միեւնույն ժամանակ, ընտրական գործընթացի թերությունները եղել են օրենքի դրույթների արդյունավետ եւ անաչառ կատարման կամքի բացակայության պատճառով»,- ասվում է զեկույցում:
Դիտորդներն ընդհանուր առմամբ դրական են գնահատել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքը, ընդ որում շեշտելով, որ չնայած ընտրացուցակների բարելավման լուրջ ջանքերին, իշխանություններին այդպես էլ չհաջողվեց մեղմել ընդհանուր անվստահությունը գրանցման նկատմամբ:
Խոսելով վարչական ռեսուրսի չարաշահման մասին` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետները նշել են ընտրարշավին պետական եւ տեղական պաշտոնյաների ակտիվ մասնակցությունը, ինչի պատճառով «պետության եւ քաղաքական կուսակցությունների, նաեւ ծառայողական պարտականությունների ու ընտրարշավի միջեւ սահմանը ջնջվել էր»:
Դիտորդները կոչ են անում պետական պաշտոնատար անձանց զերծ մնալ պետական ռեսուրսների չարաշահումից, այդ թվում աշխատակիցների եւ պարտականությունների նկատմամբ ծառայողական դիրքի չարաշահումից: Իշխանություններին նաեւ կոչ է արվել մշակել եւ իրականացնել երաշխիքներ` պետության եւ կուսակցությունների միջեւ հստակ տարանջատումն ապահովելու համար:
Ընտրական հանձնաժողովներին եւ դատարաններին խորհուրդ է տրվում պատշաճ կարգով քննարկել բոլոր բողոքներն ու բողոքարկումները, անաչառ եւ մանրազննին դիտարկել բոլոր ապացույցները:
Զեկույցում նշվում է նաեւ լրատվամիջոցների կողմից հավասարակշռված լուսաբանումը: Սակայն դիտորդները վերլուծական հոդվածների եւ մեկնաբանությունների պակաս են նկատել, նաեւ թեկնածուների միջեւ բանավեճերի բացակայություն:




























