Թուրքիայում «Բելգե» հրատարակչատան կողմից հրատարակվել է գրող Գյուլչիչեք Գյունել Թեքինի «Ինձ առանց լողացնելու թաղեք» գիրքը, որում ներկայացված են Հայոց ցեղասպանության ականատեսների եւ նրանց հարազատների վկայությունները։
Թուրքական Haberfx-ի փոխանցմամբ՝ «Բելգե» հրատարակչատան սեփականատեր եւ խմբագիր Ռագըփ Զարաքոլուն նոր հրատարակված «Ինձ առանց լողացնելու թաղեք» գրքի հետ կապված նշել է, թե այն կարեւոր աշխատություն է վերջին տարիներին տարածում գտած «քրդերն են հայերին կոտորել» պնդումների դեմ։
Զարաքոլուն շեշտել է, թե հեղինակը 126 ականատեսների եւ կամ նրանց հարազատների հետ արված զրույցների արդյունքում ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող աշխատությունը։
Գրքում ներկայացված է 1915-ի Հայոց ցեղասպանության կենդանի վկաներից Միհեմեդե Էրսենի վկայությունը, ով պատմել է, որ Ցեղասպանության տարիներին ինքը ծառայել է Համիդիյե գնդերում եւ տեսել է, որ Հայոց ցեղասպանությունը ծրագրավորված է եղել Երիտթուրքերի կողմից, ովքեր քրդական ցեղերի առաջնորդներին համոզել են մասնակցել հայերի կոտորածին։
Ցեղասպանության ականատեսներից Մելլե Ալի Յըլդըզը պատմել է, թե թե քրդաբնակ շրջաններ ուղարկված թուրք իմամները հրովարտակ էին արձակում՝ պնդելով, թե 7 հայ սպանողի դեմ կփակվեն դժոխքի դռները, իսկ 8-րդին սպանելուց հետո կբացվեն դրախտի դռները։ Ականատեսը պնդել է, թե դրան ի պատասխան, 147 քուրդ հոգեւորական հրովարտակ են արձակել՝ ոչ ասելով հայերի կոտորածին։




























