Եթե Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում Լեւոն Զուրաբյանին մի քանի դեպքեր են հայտնի դարձել, որոնց ընթացքում «Ժառանգության» ներկայացուցիչների աշխատանքը նրան դուր չի եկել, ապա ես կարող եմ շատ օրինակներ բերել, երբ մեզ դուր չի եկել ՀԱԿ ներկայացուցիչների աշխատանքը։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար, «Բարեւ, Երեւան» դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված Ստեփան Սաֆարյանը՝ մեկնաբանելով «Հայ ազգային կոնգրես» կուսակցության համակարգող Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը։ Նրա խոսքով՝ չի կարելի այդքան անլուրջ լինել եւ ընտրությունների օրը կատարված ամեն ինչ ՀԱԿ-ին վերագրել։
«Ցավոք, հենց նման պահվածքը հանգեցրեց ժողովրդի հիասթափությանը, հետո էլ զարմանում են, թե ինչու են պարտվում ընտրություններում, ինչու չեն կարողանում հաղթահարել նվազագույն շեմը։ Իրար վրա ցեխ շպրտող մեր ընդդիմադիր գործընկերների հենց նման պահվածքն է իրականում միայն վնաս հասցնում։ Ես խորհուրդ եմ տալիս եւ կոչ եմ անում զերծ մնալ նման պահվածքից»,- նշել է Սաֆարյանը։
Ի պատասխան հարցին՝ արդյոք Զուրաբյանի մեղադրանքները այլ քաղաքական ուժերին ՀԱԿ-ի պարտության մեջ մեղադրելու փորձեր չեն, Սաֆարյանը նշել է, որ առնվազն երեք քաղաքական ուժեր` ՀԱԿ-ը, «Բարգավաճ Հայաստանը» եւ ՀՅԴ-ն սերտ համագործակցել են ընտրատեղամասերում խախտումների եւ զեղծարարությունների դեմ պայքարելու հարցում: «Ինչպե՞ս են նրանք համագործակցել, որ չեն կարողացել պահպանել ՀԱԿ-ի ձայները: Նրանք ոչ մի կերպ չեն կարող իրենց պարտության մեղքը բարդել «Ժառանգության» հանձնաժողովի անդամների վրա: Միայն այն, որ ընտրատեղամասերում քվեարկության ընթացքում կազմվել է խախտումների վերաբերյալ 200 արձանագրություն, վկայում է, որ «Ժառանգություն» կուսակցության հանձնաժողովի անդամները լավ են աշխատել: Սակայն մինչ այժմ ես չեմ լսել, որ ՀԱԿ-ի, «Բարգավաճ Հայաստանի» եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչներն ընտրությունների օրը արձանագրություններ կազմած լինեին: Հետեւաբար, անարդար է ցեխ շպրտել ընտրությունների օրն ամենալավն աշխատած թիմի վրա: Եթե Լեւոն Զուրաբյանին ձեռնտու է մեր վրա ցեխ շպրտել, թող շարունակի»:




























