Նախարարի պաշտոնում վերանշանակվելուց հետո, այսօր՝ մայիսի 9-ին,  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն անցկացրել է իր առաջին ընդլայնված խորհրդակցությունը, որին մասնակցել են նախարարության բոլոր ստորաբաժանումների պատասխանատուները:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ օրակարգում  վարչապետի եւ նորանշանակ նախարարների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից գործադիրի առջեւ դրված նոր խնդիրների ու պահանջների եւ վերջիններիս շրջանակներում ոլորտի զարգացման առաջիկա չորս տարիների ծրագրի քննարկումն էր:

Նախարարը նախ հանգամանորեն ներկայացրել է ՀՀ նախագահի կողմից նոր կառավարությանը ներկայացված նորովի աշխատելու պահանջները, այնուհետեւ անդրադարձել ոլորտի զարգացման ծրագրին. «Այն աճի իրական հեռանկարներ է նախատեսում ոլորտի բոլոր ճյուղերի համար» ,- նշել է նախարարը, որոշակիորեն կանգ առնելով չօգտագործվող այն հնարավորությունների վրա, որոնց ներառումն արտադրություն մեծապես կխթանի գյուղատնտեսության զարգացմանը:

Խոսելով գյուղատնտեսության հիմնական ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացման մասին, նախարարը կարեւորել է չօգտագործվող հողերի վերադարձն արտադրություն, անասնագլխաքանակի եւ արտադրանքի իրական ծավալների մասին ճշգրիտ հաշվառման ապահովումն  անասնապահության մեջ, ինչպես նաեւ կատարողական կարգապահության ամրապնդումը բոլոր օղակներում եւ մակարդակներում:

«Գյուղի եւ գյուղատնտեսության խնդիրների միասնական դիտարկումը կառավարության քաղաքականության առանցքային փոփոխություններից է: Կառավարությունը նպատակադրում է, բարձրացնելով գյուղատնտեսության արդյունավետությունը, գյուղում զուգահեռաբար ստեղծել կյանքի համար հարմարավետ պայմաններ՝ յուրաքանչյուրի լիարժեք ինքնադրսեւորման համար, այն գիտակցումով, որ չի կարող լինել զարգացող գյուղատնտեսություն՝ առանց հարմարավետ գյուղի»,- նշել է նախարարը: