Ադրբեջանցի փաստաբան եւ ընդդիմադիր Գուրբան Մամեդովը առաջարկել է բողոքի յուրօրինակ ձեւ. Նա առաջարկել է ընդդիմության բոլոր կողմնակիցներին սափրել գլուխները եւ այդժամ բոլորին պարզ կդառնա, թե որքան մարդ կա Ադրբեջանում, ովքեր դեմ են իշխող ռեժիմին:
Գաղափարն առաջացել է, երբ ադրբեջանցի մի քանի ակտիվիստների «ոչ ահաբեկչությանը» ակցիայի համար ստիպողաբար սափրել են գլուխները: Ինչպես հաղորդում է Haqqin.az-ը, «չնայած երիտասարդների ընդդիմությանը, ոստիկանությունն իրագործել է իշխող վարչակազմի հրահանգը»:
Ի նշան ձերբակալվածների հետ համերաշխության` Մամեդովն ինքն արդեն սափրել է գլուխը: «Թող աշխարհը տեսնի, թե որքան ադրբեջանցիներ են դեմ իշխող ռեժիմին»,-փոխանցում է contact.az-ը:
«Քանի դեռ հասարակությունը լուռ է, Ադրբեջանում գնալով անհնար է լինելու ապրել: Կոչ եմ անում քաղաքացիական դիրքորոշում ցուցաբերել»,-ասել է Մամեդովը:
Երիտասարդ ակտիվիստները ձերբակալվել են ապրիլի 30-ին: Ոմանք տասնյակ օրերի վարչական կալանքի են դատապարտվել:




























