2013թ. մայիսի 5-ին «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը դիտարկել է Երեւանի ավագանու ընտրությունները 7-րդ, 8-րդ, 12-րդ եւ 13-րդ ընտրատարածքների թվով 113 ընտրատեղամասերում` Երեւանի Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի, Շենգավիթ, Նուբարաշեն եւ Աջափնյակ համայնքների տարածքում:
Ստորեւ ներկայացնում ենք «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության նախնական եզրակացությունը՝ Երեւանի ընտրությունների վերաբերյալ:
«Նախաձեռնության դիտարկած ընտրատեղամասերում ընտրություններն անցել են խիստ լարված մթնոլորտում, ինչի ապացույցն են տարբեր բնույթի իրավախախտումների վերաբերյալ ստացված շուրջ 570 ահազանգերը: Վերջիններիս առավել մեծ մասը վերաբերել է կողմնակի անձանց ներկայությանը եւ կուտակումներին ընտրատեղամասերի ներսում, ընտրողների փոխադրմանը հանրային ու մասնավոր տրանսպորտով եւ կուտակումներին ընտրատեղամասից դուրս եւ տեղամասային ընտրական հանձնաժողովների սխալ աշխատանքին, ինչպես նաեւ կողմնակի անձանց կողմից իրականացված անօրինական քարոզարշավին ու ընտրողների ուղղորդումներին ինչպես տեղամասերում, այնպես էլ դրանց անմիջապես հարող տարածքներում:
Տեղ են գտել դիտորդների եւ ԶԼՄ ներկայացուցիչների իրավունքների բազմաթիվ խախտումներ, աշխատանքների խոչընդոտման, վիրավորանքների, սպառնալիքների ու ահաբեկումների բազմաթիվ դեպքեր, արձանագրվել է ԶԼՄ ներկայացուցիչների սարքավորումների հափշտակման երկու դեպք: Քվեարկության գաղտնիությունը խախտվել է ողջամտության սահմաններն անցնող քանակի «օգնողների» միջոցով՝ միեւնույն ընտրատեղամասում հասնելով ընդհուպ 70-ի: Մի շարք դեպքերում քվեները վերահսկվել են «կարուսել» քվեարկության միջոցով, գունավոր գրիչների օգտագործմամբ, քվեաթերթիկները լուսանկարելով: Հերթական անգամ օրենքով սահմանված ժամկետից շուտ ցնդել են անձնագրի մեջ դրվող դրոշմները եւ բազմակի քվեարկության միջոցով անօրինական կերպով օգտագործվել բացակա անձանց անունները:
Ընտրատեղամասերում միաժամանակ անարգել գտնվել են միեւնույն կուսակցությունից (հիմնականում՝ ՀՀԿ-ից) մի քանի վստահված անձ եւ ազատորեն ելումուտ է թաղային խուժանը: Վերջիններիս ակտիվ մասնակցությունը ընտրախախտումներին կազմակերպվել է տվյալ ընտրատարածքներից ընտրված ԱԺ պատգամավորների կողմից, ինչի ապացույցն է անձամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ներգրավումը ընտրատեղամասերում խնդիրների կարգավորման նպատակով:
Դիտարկված որոշ տեղամասերի ներսում քվեարկությունն ընթացել է ավելի խաղաղ եւ կազմակերպված, ինչը հիմնականում պայմանավորված է եղել համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների/անդամների ավելի բարեխիղճ աշխատանքով եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչների ակտիվ վերահսկողությամբ: Այդուհանդերձ, նույնիսկ այդ տեղամասերից դուրս առկա են եղել կուտակումներ եւ ուղղորդումներ՝ խոչընդոտելով ընտրողների ազատ կամքի դրսեւորմանը:
Հանձնաժողովների նախագահները, որպես կանոն, մերժել են գրանցել դիտորդների եւ ԶԼՄ ներկայացուցիչների կողմից մատնանշված ընտրախախտումները գրանցամատյանում:
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ հասարակական կազմակերպությունների անունից օրենքով սահմանված ժամկետներում (քվեարկությանը հաջորդող օրվա ժամը 18:00), 7-րդ, 8-րդ, 12-րդ եւ 13-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ են ներկայացվել մոտ 80 դիմում: Տեղ գտած մեծաքանակ եւ բազմազան ընտրախախտումները սահմանված ժամկետում ամփոփելու անհնարինության պատճառով դիմումների ներկայացումը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ շարունակվել է նաեւ սահմանված ժամկետից հետո եւ դրանց թիվը ներկայումս հասնում է 230-ի:
Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքն ընդհանուր առմամբ ցույց տվեց, որ իշխող կուսակցությունը հերթական անգամ օգտագործեց վարչական եւ թաղային խուժանի իր ռեսուրսները՝ ապահովելու իր համար ցանկալի արդյունքներ:
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության վերջնական զեկույցը կհրապարակվի ավելի ուշ:
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ստեղծվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Իրավունքի Եվրոպա միավորում», «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» եւ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունների կողմից, որին միացել են մի քանի տասնյակ սփյուռքահայեր եւ քաղաքացիական ակտիվիստներ»:




























