Իրաքի իշխանությունները դեմ են արտահայտվել Քրդական բանվորական կուսակցության զինված ջոկատների՝ երկրի տարածք ժամանելուն։ Իրաքի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ զինված ջոկատների ժամանումը կարող է օգտագործվել երկիրն ապակայունացնելու համար:
«Իրաքի կառավարությունը չի հանդուրժի իր տարածք զինված ջոկատների ժամանումը, ինչը կարող է օգտագործվել Իրաքի եւ հարեւան երկրների անվտանգության ու կայունության վրա ազդելու համար»,-ասված է Իրաքի ԱԳՆ կայքում տեղադրված հայտարարության մեջ, որը մեջբերում է Reuters-ը։ Ընդ որում, չի հաղորդվում՝ արդյոք Իրաքի իշխանությունները կխոչընդոտե՞ն գործընթացին, որը կարող է մի քանի ամիս տեւել։
Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստին», Բաղդադը չի վերահսկում երկրի հյուսիսային սահմանը, այն վերահսկում են իրաքցի քրդերը։
ՔԲԿ-ի զինյալ ջոկատները Թուրքիայի տարածքից դուրս կբերվեն փուլ առ փուլ։ Ծրագրվում է Թուրքիայից դուրս բերել մոտ 2 հազար քուրդ ապստամբ, նրանց ջոկատները կշարժվեն դեպի Հյուսիսային Իրաք։
Հիշեցնենք, որ ապստամբներին դուրս բերելու որոշումը թուրքական իշխանությունների ու ցմահ ազատազրկման դատապարտված, քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի միջեւ բանակցությունների արդյունք էր։ Այս տարվա մարտին Օջալանն իր կողմնակիցներին կոչ է արել Թուրքիայից դուրս բերել զինված ջոկատներն ու իշխանությունների հետ խաղաղ բանակցություններ սկսել։ ՔԲԿ զինված խմբերի՝ Թուրքիայից դուրս բերելու գործընթացն սկսվել է մայիսի 8-ին։




























