Մոսկվայում ավտոբուսում պայթել է գազի բալոնը, որի հետեւանքով տուժել է 44-ամյա մի կին ու 8-ամյա մի աղջնակ: Պայթյունի պահին նրանք անցնելիս են եղել ավտոբուսի կողքով: Ըստ Vesti.ru-ի երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է, նրա տեղափոխել են Տուշինյան մանկական հիվանդանոց: Կինը եւս տեղափոխվել է հիվանդանոց:

«ԼիԱԶ» մակնիշի ավտոբուսը կանգնած է եղել իր երթուղու վերջին կանգառում, ներսում ուղեւորներ չեն եղել: Վարորդն այդ պահին գնացել էր ուղեգիրը ձեւակերպելու: Ավտոբուսը գազով է աշխատել, իսկ բալոնները գտնվել են մեքենայի տանիքին: Պայթել է 4 բալոններից մեկը: Ընդ որում, բայթյունն այնպիսի ուժգին է եղել, որ ավտոբուսի պատուհանների ապակիների կտորները թռել են 200 մետր: «ԼիԱԶ»-ի տանիքը ուժեղ դեֆորմացվել է:

Ինչպես հաղորդում է Life News-ը, պայթյունի հետեւանքով կտրվել է 8-ամյա Սերաֆիմա Ե.-ի ձեռքը, իսկ 44-ամյա Ազրեթ Շունգարովայի մոտ ախտորոշել են բարոտրավմա, գանգուղեղային փակ վնասվածք եւ ոտքերի տարբեր վնասվածքներ: