Սյունիքի մարզում մայիսի 1-ին տեղի ունեցած խոշոր վթարի հետեւանքով «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված 23-ամյա Գրիգոր Ավետյանի առողջական վիճակը կայուն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին «Էրեբունի» բժշկական կենտրոնից: Նա դեռեւս գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, իսկ 21-ամյա Նոնա Թունյանի այդտեղից տեղափոխվել է Օրթոպեդիայի բաժանմունք:
Նոնայի եղբայրը` 10-ամյա Վահե Թունյանը գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Հիվանդանոցի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Վահեին վիրահատվել են, մասնավորապես` վիրահատել են ոտքերը, բազուկը, նախաբազուկը: Տնօրենի խոսքով` երեխան բարդ կոտրվածքներ ուներ, այժմ նրա վիճակը կայուն է: Տղան գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, դեռ վաղ է խոսել, թե երբ նա դուրս կգրվի հիվանդանոցից:
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին, ժամը 16.58-ին ահազանգ է ստացվել, որ Տաթեւ-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել: Պարզվել է, որ «ԳԱԶ 2410» մակնիշի 62 ՏԼ 928 համարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել դեպի մոտակա ձորում գտնվող տաղավար-զրուցարանի վրա:
Վթարի հետեւանքով մահացել են Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի բնակիչ, վարորդ՝ 37-ամյա Վրույր Ղազարյանը, եւ ուղեւորներ՝ 6-ամյա Սերոբ Ղազարյանը, 11-ամյա Սիլվիկ Ղազարյանը, 29-ամյա Հերմինե Օհանջանյանը, 15-ամյա Աիդա Թունյանը եւ տաղավար-զրուցարանում գտնվող Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ` 40-ամյա Հայկ Մարտիկյանը, հիվանդանոցում մահացել է 41-ամյա Մալվինա Ղազարյանը:
Վիրավորվել են ավտոմեքենայի մյուս ուղեւորներ (Քարահունջ գյուղի բնակիչներ)՝ 23-ամյա Գրիգոր Ավետյանը, 21-ամյա Նոնա եւ 10-ամյա Վահե Թունյանները:
Վթարի հետեւանքով մահացողները ընտանիք են` ամուսին, կին եւ նրանց երկու երեխաները: Ընտանիքի հայրը 37-ամյա Վրույր Ղազարյանն է, նրա կինը` 29-ամյա Հերմինե Օհանջանյանը, երկու երեխաները` 6-ամյա Սերոբ Ղազարյանը, 11-ամյա Սիլվիկ Ղազարյանը, իսկ 15-ամյա Աիդա Թունյանը, ով նույնպես զոհվել է, Վրույր Ղազարյանի քրոջ դուստրն է: Վրույր Ղազարյանը եւ Հերմինե Օհանջանյանն ունեն նաեւ 4-ամյա դուստր, ով մնացել էր տանը: Այժմ երեխայի խնամքով հավանաբար կզբաղվեն տատը եւ պապը, որոնք սակայն տարիքով են: Վթարի հետեւանքով մահացել է նաեւ Վրույր Ղազարյանի քույրը՝ 41-ամյա Մալվինա Ղազարյանը:




























