Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում, ապրիլի 22-ին, ՀԱԿ ակտիվիստին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ: Մեր տեղեկություններով` քրեական գործը հարուցվել է ՔՕ-ի 117-րդ հոդվածի հատկանիշներով:Այդ հոդվածով սահմանվում է դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատեւ քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ, այն պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից 150-ապատիկի չափով:
Գործի շրջանակններում հարցաքննվել են բազմաթիվ անձինք, բայց դեռեւս ձերբակալվածներ, կալանավորվածներ չկան:
Մեր տեղեկություններով` ծեծի ենթարկված Ալիկ Հախվերդյանի առողջական վիճակը արդեն լավ է, նա դուրս է գրվել հիվանդանոցից եւ առաջիկա օրերին կհարցաքննվի:
Հիշեցնենք, որ Աջափնյակում 17-րդ թաղամասում՝ դեպի Սիլիկյան թաղամաս տանող խաչմերուկի մոտ 20 երիտասարդներ հարձակվել են բուկլետներ բաժանող ՀԱԿ ակտիվիստների վրա: Արդյունքում` տուժել է մոտ 27-ամյա Ալիկ Հախվերդյանը: Նա արյունոտված վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, բայց կյանքին վտանգ չի սպառնում:




























