Մայիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Վանաձորում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 22:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի «Թթու ջուր» կոչվող տարածքում «Մերսեդես» մակնիշի 11 UU 595 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ կամրջից ընկել գետը:

Վթարի հետեւանքով, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել, վարորդը կարողացել է ինքնուրույն դուրս գալ ձորն ընկած մեքենայից: Դեպքի վայրում աշխատել են Լոռիի ճանապարհային ոստիկանները՝ Մարտիկ Բալայանի գլխավորությամբ:

Մեր թղթակցի փոխանցմամբ՝ նշված կամրջից մեքենայի ընկնելու սա արդեն երկրորդ դեպքն է. Նախորդ դեպքը գրանցվել էր ապրիլի 20-ին, այն ժամանակ վարորդին եւ ուղեւորին տեղափոխել էին Երեւան:  Դեպքի վայրում հավաքվածները մեր թղթակցի հետ զրույցում դժգոհել են, որ պատկան մարմինները դանդաղում են արգելապատնեշներ տեղադրելու գործում:

Լուսանկարներն՝ Էդվարդ Արզումանյանի