Մենք վստահ էինք, որ օրինականացվելու են անօրինական գործող դպրոցները, ու նորերն են ստեղծվելու: Այս մասին «Առավոտ»-ի հետ զրույցում նշել է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամ, տառաստեղծ Ռուբեն Թարումյանը մեկնաբանելով լուրը, որ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանում ռուսական վարժարան բացելու մասին համաձայնագրին:

«Դա ընդունված «Լեզվի մասին օրենքի» փոփոխությունների շարունակությունն է, ինչպես ասում են՝ ինչ որ եղավ, եղավ: Մենք դեռ այն ժամանակ ասում էինք՝ դա իր շարունակությունն ունենալու է, իսկ մեզ ասում էին, թե նման ոչ մի բան չկա: Մենք վստահ էինք, որ օրինականացվելու են անօրինական գործող դպրոցները, ու նորերն են ստեղծվելու: Իսկ ես մասնավորապես ասում էի, որ այդ ամենն արվում է հիմնականում ռուսաց լեզվի համար, որովհետեւ մյուս լեզուները, օրինակ՝ ֆրանսերենը կամ անգլերենը խնդիրներ չունեն եւ մարդիկ առանց դրա էլ գնալու են եւ սովորելու են ֆրանսերեն ու անգլերեն, իսկ դա արվում է հենց ռուսաց լեզվի պայմանները լավացնելու համար»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է ԿԳ նախարարի այն արտահայտությանը, որ ամեն ինչ արվում է օրենքի տառին համապատասխան, այս մասին էլ Թարումյանը նշել է. «Իհարկե օրենքներն իրենց ձեռքում են՝ ինչ ուզեն, կանեն: Ի դեպ, մարդիկ շփոթում են օրենքի եւ հրամանի տարբերությունը: Օրենքը բնությունից է գալիս, հրամանն արձակվում է իշխանության կողմից: Հիմա սա ոչ թե օրենք էր, այլ հրաման: Հրաման՝ բացել ռուսական դպրոցներ: Հրամանն էլ եղել էր Ռուսաստանից, իրենք էլ հլու-հնազանդ կատարեցին: Միամիտ մարդ չկա»:

Հիշեցնենք, որ դեռեւս 2010-ին Հայաստանում մեծ աղմուկ բարձրացավ «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու առնչությամբ: Այդ փոփոխություններն, ըստ էության, օրինականացնում էին մեր երկրում օտարալեզու դպրոցներ բացելը: Ավելին, այժմ օտարալեզու դպրոցներ հնարավոր է բացել միջկառավարական եւ միջպետական համաձայնագրերի հիման վրա: