Գյումրիի աղմկահարույց միջադեպի արդյունքում սպանության եւ սպանության փորձի մեջ մեղադրվող Գյումրի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին` Վահե Ղուկասյանը, ով նույնպես հրազենային վնասվածք էր ստացել, իրեն մեղավոր չի ճանաչում: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասել է Վահե Ղուկասյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

Դուք գտնում եք, որ Ձեր պաշտպանյալին անհի՞մն են կալանավորել:

Ես գտնում եմ, որ կալանավորելու ընթացքում չի պահպանվել օրենքը, դատարանը թույլ է տվել օրենքի ակնհայտ խախտում: Նկատի ունենալով, որ իմ պաշտպանյալը զինված միջադեպի ընթացքում ստացել է հրազենային վնասվածք, միջնորդել եմ, որ նա ճանաչվի տուժող: Դա շատ բնական միջնորդություն է, բայց այն մերժվել է:

Պաշտպանյալս իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում եւ երբեւէ մեղավոր չի ճանաչել:

Հակառակ կողմը, ովքեր որ տուժող են ճանաչվել, նշում են, որ առաջին կրակոցը հենց Վահե Ղուկասյանն է արել...

Ճիշտ ասած, ես չգիտեմ, թե նրանք ինչ են ասում, քանի որ նրանց ցուցմունքները նախաքննական մարմինը չի հրապարակել: Բայց կարող եմ ասել, որ իմ պաշտպանյալը հակառակն է պնդում, եւ մենք երբ ժամանակը կգա, կներկայացնենք եւ կհրապարակենք մեր բոլոր ապացույցները, որոնք Ձեզ քիչ չեն թվա:

Պաշտպանյալս պնդում է, որ իր վրա հարձակում է կատարվել, ինչի հետեւանքով  ինքը որովայնի շրջանում ստացել է հրազենային վնասվածք: Պաշտպանյալս իրեն «մեղավոր է ճանաչում» միայն նրա համար, որ հասցրել է պաշտպանվել»: