Մոսկվայի մարզում ոչ սթափ վիճակում գտնվող 16-ամյա աղջիկը թռել է 8-րդ հարկի պատուհանից ու կենդանի մնացել:

Մայիսի 8-ին, ժամը 18:15-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Մերձմոսկվայի Կրասնագորսկի շրջանի Պուտիլկովո ավանում 8-րդ հարկից մարդ է ընկել:

Դեպքի վայր հասած ոստիկանները պարզել են, որ շենքի բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել մոր եւ դստեր միջեւ: Վերջինս, ով Մոսկվայի պոլիտեխնիկական քոլեջի ուսանողուհի է, թռել է պատուհանից, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Տուժածն այդ պահին ալկոհոլի ազդեցության տակ է եղել, նա տեղափոխվել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Աղջկա մոտ ախտորոշվել է գանգուղեղային վնասվածք, փորի բութ վնասվածք, նստատեղի կոտրվածք: Բժիշկները պայքարում են աղջկա կյանքի համար: