Յուրի Վարդանյանի նշանակումը սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարի պաշտոնում ուներ ոչ միայն մասնագիտական, այլեւ քաղաքական շարժառիթներ: Այսօր` մայիսի 10-ին, լրագրողներին նման կարծիք է հայտնել Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:
Ըստ նրա` Յուրի Վարդանյանը` որպես սկզբունքային մարդ եւ համաշխարհային հայտնի մարզիկ, կարող է իր ներդրումն ունենալ սպորտի զարգացման գործում»: «Եթե մի քանի ամիս առաջ ԲՀԿ-ն քննադատում էր կառավարության ծրագիրը, ապա մենք ցանկանում ենք ցույց տալ, թե ինչպիսի աշխատանք ենք պատրաստվում կատարել այն գերատեսչությունում, որը երկար ժամանակ ղեկավարում էին հենց նրա ներկայացուցիչները», – ընդգծել է Սահակյանը: Նախարարության գործառույթները կարող են խաչվել Օլիմպիական ազգային կոմիտեի հետ, որը ղեկավարում է ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, սակայն այստեղ էլ Հովհաննես Սահակյանը խնդիրներ չի տեսնում:
Խոսելով կառավարությունում փոփոխությունների մասին` նա նշել է, որ նոր նշանակումները հիմնականոմ տեղի են ունեցել տնտեսական հատվածում: «Այդ փոփոխությունների տրամաբանությունը ներկայացրել է մեր կուսակցության մամուլի քարտուղարը: Իսկ ոչ հեռավոր ապագայում, երբ նոր կառավարությունը խորհրդարանին ներկայացնի իր ծրագիրը, այդ տրամաբանությունն էլ ավելի հասկանալի կդառնա»:




























