ԵԱՀԿ-ի Կոպենհագենյան փաստաթղթի պահանջները կատարելու փոխարեն` Հայաստանի իշխանությունները, Հանրապետական կուսակցության գլխավորությամբ, երկիրը դեպի կուսակցապետություն են տանում: NEWS.am-ի թղթակցին նման կարծիք է հայտնել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` մեկնաբանելով փետրվարի 18-ի Հայաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ ԺՄՀԻԳ/ԵԱՀԿ առաքելության վերջնական զեկույցը:
Զեկուցողներն իշխանություններին խորհուրդ են տալիս ընտրությունների ընթացքում իշխանությունների եւ իշխող կուսակցության սահմանազատման հետագա աշխատանքներ տանել` Կոպենհագենի փաստաթղթին համապատասխան: Ըստ Մարտիրոսյանի` իշխանությունը այդ փաստաթղթի տառին եւ ոգուն անգամ չի էլ մոտեցել նաեւ Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում:
«Իսկ դուք ինքներդ առաջընթաց նկատո՞ւմ եք: Ջանքերում առաջընթաց չկա, եթե չկան հենց ջանքեր: Այն, ինչ նկարագրել են ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները դիվանագիտական լեզվով, գործնականում նշանակում է, որ Հայաստանում ազատ ընտրություններ չեն եղել: Հայաստանի հետ բանակցություններում միջազգային գործընկերները կիրառում են նոր տերմիններ` «մրցունակ», «ժամանակակից»», – ասել է ընդդիմադիրը, հավելելով, որ իշխող կուսակցության եւ պետական ապարատի ազդեցության ավելացման դեպքում պարզապես անիմաստ է առաջընթացի հույս ունենալ: «Ազա՞տ եւ արդա՞ր: Ոչ: Թափանցի՞կ: Հնարավոր է. խախտումները կարող են այնքան թափանցիկ լինել, որ դրանք չնկատելն անհնար լինի, սակայն հետընթաց ուղով գնացող իշխանությանը դա չի հուզում», – նշել է Արմեն Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ 1990թ. ընդունված ԵԱՀԿ Կոպենհագենի փաստաթուղթը պահանջում է քաղաքական կուսակցությունների եւ պետության հստակ տարանջատում:




























