Այսօր` մայիսի 10-ին, ավարտվել են Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքները:

ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված մայիսի 7-ից 10-ն ընկած ժամանակահատվածում, ընդհանուր առմամբ, 97 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքների ավարտին թվով 47 տեղամասերի արդյունքներում կողմ ձայների որեւէ փոփոխություն չի գրանցվել:

Մնացած 50 ընտրական տեղամասերում գրանցված ոչ էական փոփոխությունների արդյունքում` «Առաքելություն» կուսակցությանը եւ ՀՅԴ-ին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվերը նվազել են 2-ականով, ԲՀԿ-ին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 23-ով,  «Բարեւ Երեւան» դաշինքին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 11-ով, ՀԱԿ-ին կողմ քվեարկված քվեաթերթիկների  թիվը նվազել է 6-ով, ՀՀԿ-ին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն աճել է 3-ով եւ ՕԵԿ-ին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 1-ով:    

Վերահաշվարկի աշխատանքների արդյունքում անվավեր քվեաթերթիկների թիվն աճել է 47-ով: