Ընդդիմադիր կուսակցությունները պետք է ավելի ագրեսիվ եւ հաստատուն լինեն իրենց գործունեության մեջ, որպեսզի կարողանան քվեներ ստանալ: Այս մասին «Ա1+»-ին ասել է Հայաստանում Ամերիկայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես ընդդիմությունը կարող է վերցնել իշխանությունը, եթե ընտրությունների միջոցով դա հնարավոր չէ:
«Ագրեսիվ ասելով նկատի չունեմ ռազմատենչը եւ հարձակողականը, նկատի ունեմ ավելի ակտիվ կազմակերպեն կուսակցության շահերը»,- ասել է նա։
Դեսպանը չի կարող ասել, թե մասնավորապես «Ժառանգությունը» կամ ՀԱԿ-ը կարո՞ղ են լինել ագրեսիվ եւ հաստատուն։ Նա նշել է, որ հաջողության հասնելու համար ընդդիմությունը պետք է քայլեր կատարի, որպեսզի գոնե տեղյակ լինի, թե ընտրություններում ինչ խախտումներ են տեղ գտել. «Ընդդիմությունը պետք է կարողանա մատնանշել խախտումները եւ հասկանա, թե ինչպես կարելի է դրանք ուղղել»։
Դեսպանի կարծիքով՝ ընդդիմությունը պետք է ունենա գործունեության հավասար իրավունքներ։
Այսինքն, հնարավորություն ունենա աշխատելու, օրինակ, լրատվամիջոցների հետ։ Ի դեպ, պարոն Հեֆերնը խուսափել է պատասխանել «Ա1+»-ի այն հարցին, թե արդյոք ԱՄՆ Պետդեպարտամենտն ունի՞ Հայաստանի պաշտոնյաների, այսպես կոչված, «Մագնիտսկիի ցուցակ», որով որոշ պաշտոնատար անձանց մուտքը Ամերիկա արգելվում է կամ ցանկալի չէ։ Նա ասել է, որ Ամերիկան մուտքի արտոնագրեր տրամադրում է համապատասխան ընթացակարգով։




























