Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն կարծում է, որ այն համաձայնությունը, որը ձեռք բերվեց Սերբիայի եւ Կոսովոյի միջեւ, քիչ հավանական է Ղարաբաղի խնդրի դեպքում: Այդ մասին նա հայտարարել է «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ պաշտոնական Բրյուսելը նման նախաձեռնությամբ հանդես գա նաեւ Լեռնային Ղարաբաղի դեպքում, Ֆյուլեն պատասխանեց. «Կարծում եմ, այդ համաձայնությունը առավել հնարավոր էր ձեռք բերել Բալկաններում եւ ավելի քիչ հնարավոր՝ Լեռնային Ղարաբաղում: Պատճառներից մեկն այն է, որ մենք այդ հակամարտությունը կարգավորելու համար հատուկ ձեւաչափ ենք սահմանել՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը, ինչպես նաեւ՝ սկզբունքներ, այսպես կոչված Մադրիդյան սկզբունքները», - հայտարարեց Եվրամիության հանձնակատարը` հավելելով. «Սակայն, սա չի նշանակում, թե Եվրամիությունը չի ընդլայնում իր դերն այս խնդրի կարգավորման գործընթացում: Առաջինը՝ մենք աջակցում ենք բանակցություններին, երկրորդը՝ ավելի ու ավելի ենք ներգրավվում կողմերի միջեւ վստահությունն ամրապնդող միջոցառումներում, ինչը, հուսով ենք, առավել բնարենպաստ միջավայր է ստեղծում տեղում»:
Եվրամիության բարձրաստիճան դիվանագետը փաստեց նաեւ, որ պաշտոնական Բրյուսելը շարունակում է ուշիուշով հետեւել մարդու իրավունքների ու ժողովրդավարության վիճակին հարեւան Ադրբեջանում:
«Որոշ քննադատներ ասում են, թե Եվրամիությունը աչք է փակում այս հարցերի վրա, քանի որ հետաքրքրված է Ադրբեջանի նավթի եւ գազի հարուստ պաշարներով: Ինչպե՞ս կարձագանքեք այս քննադատություններին», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Շտեֆան Ֆյուլեն պատասխանեց. «Դա իրականությանը չի համապատասխանում, եթե հետեւեք Բաքու կատարած վերջին այցի ժամանակ իմ արած հայտարարություններին, ապա կտեսնեք, որ այդ արժեքները՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու ազատությունը, ծայրահեղ կարեւոր նշանակություն ունեն Եվրամիության համար: Ադրբեջանը իսկապես հսկայական ներուժ ունի Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու համար, սակայն հենց այդ մատնանշված բացթողումների պատճառով մենք առայժմ անկարող ենք իրագործել այդ հնարավորությունները»:
Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատարը նաեւ կոչ արեց Ադրբեջանի նախագահին աշնանը կայանալիք ընտրություններն անցկացնել ազատ եւ արդար ու հնարավորություններ ստեղծել քաղաքական երկխոսության համար:




























