«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ պատրաստ է ընտրախախտումների վերաբերյալ իր դիմումները տրամադրել կուսակցություններին:
Հայտարարությունում ասվում է.
«2013թ. մայիսի 5-ին «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը դիտարկել է Երեւանի ավագանու ընտրությունները 7-րդ, 8-րդ, 12-րդ եւ 13-րդ ընտրատարածքների թվով 113 ընտրատեղամասերում` Երեւանի Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի, Շենգավիթ, Նուբարաշեն եւ Աջափնյակ համայնքների տարածքում:
Նախաձեռնության դիտարկած ընտրատեղամասերում ընտրություններն անցել են խիստ լարված մթնոլորտում, ինչի ապացույցն են տարբեր բնույթի իրավախախտումների վերաբերյալ ստացված շուրջ 570 ահազանգերը: Վերջիններիս առավել մեծ մասը վերաբերել է կողմնակի անձանց ներկայությանը եւ կուտակումներին ընտրատեղամասերի ներսում, ընտրողների փոխադրմանը հանրային ու մասնավոր տրանսպորտով եւ կուտակումներին ընտրատեղամասից դուրս եւ տեղամասային ընտրական հանձնաժողովների սխալ աշխատանքին, ինչպես նաեւ կողմնակի անձանց կողմից իրականացված անօրինական քարոզարշավին ու ընտրողների ուղղորդումներին ինչպես տեղամասերում, այնպես էլ դրանց անմիջապես հարող տարածքներում:
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ հասարակական կազմակերպությունների անունից օրենքով սահմանված ժամկետներում (քվեարկությանը հաջորդող օրվա ժամը 18:00), 7-րդ, 8-րդ, 12-րդ եւ 13-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ են ներկայացվել մոտ 80 դիմում: Տեղ գտած մեծաքանակ եւ բազմազան ընտրախախտումները սահմանված ժամկետում ամփոփելու անհնարինության պատճառով դիմումների ներկայացումը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ շարունակվել է նաեւ սահմանված ժամկետից հետո եւ դրանց թիվը ներկայումս հասնում է 160-ի:
Սույն հաղորդագրությամբ հայտնում ենք, որ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը պատրաստ է իր դիմումները տրամադրել բոլոր կուսակցություններին նրանց կողմից ընտրական գործընթացները բողոքարկելու համար:
Դիմումների փաթեթը ստանալու համար խնդրում ենք դիմել Սոնա Այվազյանին, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ գրասենյակ, հասցե՝ Այգեստան, 9-րդ փողոց, տուն 6, հեռ. 569910:
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ստեղծվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Իրավունքի Եվրոպա միավորում», «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» եւ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունների կողմից, որին միացել են մի քանի տասնյակ սփյուռքահայեր եւ քաղաքացիական ակտիվիստներ»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























