Ռազմական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության նախկին պետ Գրիշա Սարգսյանը (Ժարիտ Գրիշ) իր մականունն ստացել է դեռ պատերազմի տարիներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Գրիշա Սարգսյանը, ով «Փառապանծ մարտիկներ» հ/կ նախագահն է: Նրա խոսքով՝ դա իր անձնական «կլիչկեն» է, որը ռազմաճակատում է ստացել:
Խոսելով նախապատմության մասին, նա նշել է, որ պատերազմի դաշտում իր ջոկատով ուր մտնում էր, առանց զոհերի, առանց վիրավորների դուրս էր գալիս հաղթանակած: «Այդ ժամանակվա ներքին գործերի փոխնախարար Կարլեն Թորոսյանն ասաց. «Գրիշին ուղարկեք, որտեղ ուղարկում ենք ժարիտ ա անում»: Մի քանի գաղտնի հատուկ առաջադրանքներ հանձնարարեց, որը գնացի եւ որպես հրամանատար փառքով կատարեցի, դրանից հետո իմ մարտական անունը «Ժարիտ Գրիշ» դրեցին»,- ասաց Գրիշա Սարգսյանն ու հավելեց, որ հակառակորդներն էլ իրեն այդպես գիտեին եւ վախենում էին:
Միաժամանակ նա նշեց, որ այդ մականունը կյանքում էլ է իրեն համահունչ, քանի որ ամենուրեք ցանկանում է առաջինը լինել, առաջադեմ լինել: Ամենուրեք ուզում եմ հրամանատար լինել, առաջինը լինել թե’ անձնական կյանքում, թե’ ընտանիքում, թե’ ընկերական շրջապատում, թե’ աշխատանքում»:
Դիտարկմանը, թե փաստորեն, ամեն տեղ ուզում եք «ժարի՞տ անել», նա արձագանքեց. «Դե դա է դուրս գալիս: Ռազմադաշտում եմ մկրտությունը ստացել եւ փառքով սուրս դրել եմ պատյանս: Ինչ գործ բռնում եմ, ուզում եմ հաղթանակած դուրս գալ»:
Ինչ վերաբերում է ներկա պահին բռնած գործերին, Գրիշա Սարգսյանն ասաց, որ ցանկանում է ազատամարտիկների մասին իր ներկայացրած օրենքի նախագիծը ԱԺ-ում ընդունեն, ըստ որի ազատամարտիկները պետք է օրենքով պաշտպանված լինեն, օգտվեն անվճար բուժօգնությունից, սոցիալական փաթեթներից եւ այլն: Նաեւ երազում է պապիկ դառնալ. «Ժամանակը կգա պապիկ էլ կդառնամ եւ իմ խոր ծերությունը կվայելեմ թոռնիկներիս եւ ընտանիքիս հետ: Դեռ ամուսնացած երեխաներ չունեմ, իսկ մի տղաս էլ ծառայում է հայոց բանակում: Ես ուզում եմ, որ նա զինվորի համազգեստի համն ու հոտը զգա եւ կարողանա շարունակել հայրիկի հայրենասիրական ճանապարհը»,-ամփոփեց նա:




























