Արարատում «օրենքով գող» եղել է, սակայն այլեւս չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը՝ հավելելով, որ ոստիկանությունը շատ լավ է աշխատում: « 2012թ-ի մեր ցուցանիշները բավականին լավ է եղել հանցավորության դեմ պայքարի, հանցագործությունների բացահայտման ուղղությամբ: Կրիմինալի հետ կապված դեպքեր չենք ունեցել: Իշխանավորների, նրանց մերձավորների կողմից նման դեպքեր եւս չեն արձանագրվել մեր մարզում»,- ավելացրեց Էդիկ Բարսեղյանը:
Նրա խոսքով՝ Արարատում հանցագործության դեպք չի եղել, որ չբացահայտվի, իսկ իրավիճակը վերահսկվում է իրավապահ մարմինների կողմից: «Քրեածին իրավիճակը նորմալ է մարզում: Մի մոռացեք, որ ես երկար տարիներ աշխատել եմ իրավապահ համակարգում: Իսկ, եթե որեւէ մեկը կփորձի խանգարել բնականոն աշխատանքը անմիջապես կմեկուսացվեն հասարակությունից»,- հիշեցրեց Արարատի մարզպետը:
Նա նաեւ նշեց, որ չկա մի բնակավայր, մարզ, որ հանցագործներ չլինեն, քանի որ ինչքան մարդկությունը կա՝ հանցագործներ կլինեն: Այս դեպքում, ըստ նրա կարեւոր է, որ հանցագործությունը բացահայտվի եւ հանցագործը պատժվի: «Իսկ անպատժելիության մթնոլորտ վստահեցնում եմ, որ մեր մարզում չկա»,- հավաստիացրեց Էդիկ Բարսեղյանը: Դիտարկմանը, թե ամենաթողության հարցում շատ է շահարկվում Հովիկ Աբրահամյանի թիմակիցների անունները, նա արձագանքեց. «Ես նման դեպքերի ծանոթ չեմ: Հովիկ Աբրահամյանի անունը շատ է շահարկվում, բայց այդ խոսակցություններն անհիմն են: Հովիկ Աբրահամյանը մի տղա ունի, որի հետ խոսելիս մեծ բավականություն ես ստանում»:




























