ՌԴ քաղաքացի 26-ամյա Նիկիտա Տիդինը Մոսկվա-Երեւան թիվ 261 չվերթն իրականացնող ինքնաթիռում հարբած վիճակում սկսել է հայհոյել եւ խախտել հասարակական կարգը, ինչի արդյունքում տեւական ժամանակ դադարեցվել է բնականոն աշխատանքը: Մալաթիա-Սեբաստիա համայնքների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ Ռուսաստանի քաղաքացի 26-ամյա Նիկիտա Տիդինը մեղադրվում է նրանում, որ հարբած վիճակում նստելով Մոսկվա-Երեւան թիվ 261 չվերթն իրականացնող ինքնաթիռը, թռիչքի ընթացքում շարունակել է ալկոհոլ օգտագործել եւ չի ենթարկվել օդանավի անձնակազմի օրինական պահանջներին, իսկ վայրէջքից հետո, ավիացիայի անվտանգության հերթապահ մասում, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը:
Շուրջ 15 րոպե տեւողությամբ, նա բարձրաձայն անհասցե հայհոյել է, ինչի հետեւանքով ժամանակավորապես խափանվել է վերը նշված աշխատակիցների բնականոն աշխատանքը:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով (հասարակական կարգը խախտելը): Խափանման միջոց ընտրվել է բնակավայրից չհեռանալու ստորագրությունը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:




























