Նախկինում դատված 34-ամյա Վահան Գալստյանը ձեռքերով եւ աթոռով հարվածներ է հասցրել «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից իր կանչով բուժօգնության եկած շտապօգնության մեքենայի վարորդին: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 34-ամյա Վահան Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Լոռիի մարզի Լեռնահովիտ գյուղում գտնվող իրենց տանը, ալկոհոլ օգտագործած վիճակում, անհիմն կերպով վիճաբանության մեջ է մտել «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից իր կանչով բուժօգնության եկած շտապօգնության մեքենայի վարորդ Վաչագան Սամվելյանի հետ, հայհոյանքներ տվել նրա հասցեին, որի ընթացքում ձեռքերով եւ աթոռով հարվածներ է հասցրել նրան եւ առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, որը կատարվել է խուլիգանական դրդումներով): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Գործը կողմերին է ուղարկվել մայիսի 8-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: