21-ամյա Հրաչ Առաքելյանը մեքենայի մեջ դանակահարել է ամուսնալուծությունից հետո քրոջն անհանգստացնող նախկին փեսային` Գեւորգ Պողոսյանին՝ նրա առողջությանը պատճառելով կարճատեւ քայքայում: Արթիկի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 21-ամյա Հրաչ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Մարալիկ քաղաքում, իրենց տան բակից դուրս գալով, մոտեցել է իրենց տան դիմաց կայանած «ՎԱԶ 2121» (Նիվա) մակնիշի ավտոմեքենային, բացել է ձախ կողմի դուռը, եւ վիճաբանության մեջ մտել մեքենայում գտնվող իր քրոջ նախկին ամուսնու՝ Գեւորգ Պողոսյանի հետ, քանի որ վերջինս շարունակել է անհանգստացրել իր քրոջը: Այդ ընթացքում Հրաչ Առաքելյանը նրան մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ ձեռքով փորձել է հարվածել նրան, սակայն ձեռքը դիպել է ավտոմեքենային, ապա՝ գրպանից հանել է խոհանոցային տիպի դանակը եւ հարվածել նրա ձախ ազդրի հետին մակերեսի միջին 3-ի եւ ձախ սրունքի հետին մակերեսի միջին 3-ի շրջաններին՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթեւ վնաս, առողջության կարճատեւ քայքայումով: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատեւ քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ>: Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 50-100-պատիկի չափով:
Խափանման միջոց ընտրվել է բնակավայրից չհեռանալու ստորագրությունը: Գործը դատարան է ստացվել մայիսի 7-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:




























