Այսօր՝ մայիսի 11-ին, Ազատության հրապարակում նստացույց է հայտարարել ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը, նա պահանջում է վերանայել զինծառայողների կենսաթոշակի հաշվարկման կարգը: Ազատամարտիկին են միացել նաեւ մի խումբ այլ ազատամարտիկներ:

Վոլոդյա Ավետիսյանը նշել է, որ դիմում-նամակ են պատրաստում՝ ուղղված վարչապետ Տիգրան Սարգսյանին:

Ազատության հրապարակում մեծ թվով ոստիկաններ կան, որոնք սկզբում առանձին զրուցել են Վոլոդյա Ավետիսյանի հետ, ապա նրան տարել են ոստիկանության Երեւանի վարչություն, որտեղ նրա հետ հանդիպել է Երեւանի ոստիկանապետը Աշոտ Կարապետյանը:

Հետ վերադառնալուց հետո Վոլոդյա Ավետիսյանը հայտնել է, որ Երեւանի ոստիկանապետի հետ մտերմիկ զրույց է ունեցել, ներկայացրել է նստացույցի պահանջները, ասելով, որ դա ուղղված է ազատամարտիկների շահերի պաշտպանությանը: Նրա խոսքով՝ ոստիկանությունում իրեն չեն փորձել հետ պահել ակցիա անցկացնելու մտքից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանի կառավարությունը, կոպտորեն խախտելով ՀՀ Սահմանադրության եւ օրենքների պահանջները, անտեսում է ազատամարտիկների, զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական իրավունքները:

Ազատամարտիկների եւ մարտական գործողությունների այլ մասնակիցների ու նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության երաշխիքները խիստ անբավարար են: Անկախ սոցիալական առումներից, այս երեւույթն ինքնին անհարիր է մարդկային եւ ազգային արժանապատվության տեսակետից:

ՀՀ կառավարությունը  հատուկ քաղաքականություն է իրականացնում զինծառայողներին հնարավորինս ցածր կենսաթոշակ վճարելու նպատակով: Ծառայության ընթացքում զինծառայողներին քիչ թե շատ տանելի վարձատրություն տրամադրելու պարագայում ՀՀ կառավարությունը կենսաթոշակի անցնելիս նրանց կենսաթոշակը հաշվարկում է օրենքով սահմանված կարգից բխող չափից առնվազն 3-4 անգամ ավելի պակաս չափով, ինչի հետեւանքով կենսաթոշակի անցնող զինծառայողները հայտնվում են աղքատության մեջ:

Այդպիսի քաղաքականությամբ կառավարությունը բացահայտ կերպով ցույց է տալիս, որ զինծառայողներն իրեն պետք են միայն ծառայության ընթացքում: Նման երեւույթը ոչ միայն սոցիալական անարդարություն է, այլեւ բացասաբար է ազդում Զինված ուժերի բարոյահոգեբանական վիճակի վրա, քանի որ զինծառայողներին դնում է վարձկանի կարգավիճակում:

ՀՀ կառավարությունից պահանջում եմ ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան.

1. արմատապես վերանայել ազատամարտիկների եւ մարտական գործողությունների այլ մասնակիցների սոցիալական երաշխիքները,

2. վերանայել զինծառայողների կենսաթոշակի հաշվարկման կարգը,

3. ըստ այդմ կատարել վերահաշվարկ եւ փոխհատուցել ազատամարտիկներին ու կենսաթոշակի անցած զինծառայողներին, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամներին:

Նշված պահանջների կատարմանը հասնելու նպատակով 2013 թ. մայիսի 11-ից, ժամը 10:00-ից Երեւանի Ազատության հրապարակում անցկացնում եմ նստացույց եւ ազատամարտիկներին, կենսաթոշակի անցած զինծառայողներին, ինչպես նաեւ այս հարցով մտահոգ ՀՀ այլ քաղաքացիներին հրավիրում եմ մասնակցելու այս պայքարին»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am