Վրացի քաղաքական գործիչ, «Միասնական ազգային շարժում» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Գիվի Թարգամաձեն մայիսի 11-ին Վիլնյուսից ժամանել է Թբիլիսի:
Թարգամաձեն լրագրողներին հայտնել է, որ երեք ամիս է պահանջվել «արդարությունն ապացուցելու համար»: «Դժվար էր երեք ամիս Վրաստանից դուրս գտնվել», - նշել է Թարգամաձեն, սակայն, ինչպես կարծում է վրացի քաղաքական գործիչը, ինքը ռուսական իշխանություններին ապացուցել է, որ իր հետախուզման մասին հարցումը «չի տարածվում քաղաքակիրթ Եվրոպայի վրա»:
Հիշեցնենք, ռուս իրավապահները այս տարվա մարտին Թարգամաձեի նկատմամբ միջազգային հետախուզում էին հայտարարել` Մոսկվայի Բոլոտնայա հրապարակում անկարգություններ կազմակերպելու համար:
Ավելի վաղ Վիլնյուսում կայացած մամուլի ասուլիսում Թարգամաձեն հայտնել էր, որ Լիտվան մտադիր չէ իրեն Ռուսաստանին արտահանձնել, եւ որ Ինտերպոլը մտադիր չէ իրեն կալանավորել:
Վրաստանի գլխավոր դատախազությունում «Ինտերֆաքսին» հայտնել են, որ Թարգամաձեի ձերբակալման համար հիմքեր չկան:




























