Թուրքիայի Մանիսա քաղաքում քրդական հարցի կարգավորման նախաձեռնության համար ստեղծված «Իմաստունների հանձնաժողովի» եւ տեղի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը միջադեպ է տեղի ունեցել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Մանիսայի «Անեմոն» հյուրանոցի կոնֆերանսների համար նախատեսված սրահում «Իմաստունների հանձնաժողովի» եւ տեղի լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ Manisa Gunebakis թերթի սեփականատեր Մեւլութ Չըրաքօղլուն փորձել է սրահում Թուրքիայի դրոշը կախել։ Այդ ընթացքում «Իմաստունների հանձնաժողովի» անդամ թուրք հայտնի գործիչ Բասքըն Օրանը արձագանքել է՝ պնդելով, որ Մեւլութ Չըրաքօղլուն սադրանք է իրականացնում։

Ոստիկանությունը ստիպված է եղել սրահից դուրս հանել Մեւլութ Րըրաքօղլուին, ով դրսում զայրացած բղավել է, թե սրահում Թուրքիայի դրոշ չկա, իսկ ինքն էլ ցանկացել է կախել այն։