Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ «Մեր ազգային ըմպելիքը թանն է» արտահայտությունից հետո իշխող կուսակցությունը ալկոհոլային խմիչքի օգտագործումը խիստ սահմանափակող օրինագիծ է ներկայացրել մեջլիս։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կողմից խորհրդարանին ներկայացրած  ալկոհոլի օգտագործումը սահմանափակող օրինագծում արգելվում է ալկոհոլի ցանկացած գովազդ, ալկոհոլային խմիչք արտադրող կամ ներմուծող ընկերության կողմից ցանկացած հովանավորչություն որեւէ միջոցառման, ալկոհոլի օգտագործում բացօթյա սրճարաններում կամ ռեստորաններում։

Նոր օրինագծով ալկոհոլ վաճառելու թույլտվությունը տալու է նահանգապետարանը, իսկ վաճառքի կետերը պետք է լինեն ուսումնական կամ կրոնական հաստատություններից առնվազն 100 մետր հեռավորության վրա։