PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) առաջնորդներից Մուրադ Քարայըլանը հայտարարել է, որ եթե 1999 թվականին տեղի ունեցած գործողությունները կրկնվեն, PKK-ն կդադարեցնի Թուրքիայից հեռանալու գործընթացը։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ PKK-ի առաջնորդներից Մուրադ Քարայըլանը պատասխանել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ «քուրդ զինյալներն ինչպես եկան, այնպես է կգնան» արտահայտությանը՝ շեշտելով, որ քուրդ զինյալներն ինչ որ տեղիc չեն եկել, որ հիմա էլ գնում են։ «Մենք Թուրքիայում էինք եւ մեր ուժերի 80 տոկոսը PKK-ին միացել է Թուրքիայի ներսում։ Ամեդում (Դիարբեքիր), Դերսիմում, Էրզրումում գտնվող զինյալների 80 տոկոսը դեռ չի տեսել Հյուսիսային Իրաքի մեր ճամբարները»,-ասել է Քարայըլանը։

Մուրադ Քարայըլանը նաեւ կարեւոր է համարել, որ քուրդ զինյալների հեռանալու ժամանակ զինվորական գործողություններ չլինեն, ինչպիսիք եղան 1999-ին։ Նա զգուշացրել է, թե նման գործողությունների դեպքում ստիպված են լինելու դադարեցնել Թուրքիայից հեռանալու գործընթացը։

Նշենք, որ մարտի 21-ին, Դիարբեքիրում Նովրուզի տոնակատարության ժամանակ կարդացվել էր Իմրալը կղզու բանտում ցմահ ազատազրկման դատապարտված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ուղերձը։

Օջալանի ուղերձում PKK-ին կոչ էր արվել վայր դնել զենքերը, քանի որ եկել է խաղաղության ժամանակաշրջանը։

Օջալանի ուղերձից հետո Հյուսիսային Իրաքում գտնվող PKK-ի ղեկավարությունը հայտնել էր, որ մայիսի 8-ից քուրդ զինյալները լքելու են Թուրքիայի տարածքը։