Կենսաթոշակառու Կոստանդ Մելքումյանը դատավճռով մեղավոր է ճանաչվել 14 տարին չլրացած տուժողի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ անելու համար եւ դատապարտվել 8 տարվա ազատազրկման:
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի երրորդ մասով նրան առաջադրված մեղադրանքով նախատեսվում է 8-15 տարվա ազատազրկում:
Պատիժ նշանակելիս դատարանը մեղմացնող հանգամանք է դիտել այն, որ ամբաստանյալը նախկինում դատապարտված չի եղել, 70 տարեկան է, կենսաթոշակառու է, ԽՍՀՄ եւ ՀՀ զինված ուժերում ծառայության ընթացքում արժանացել է մի շարք խրախուսանքների, ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի կողմից պարգեւատրվել է մեդալներով: Թեեւ գործում առկա է նաեւ նրա պատասխանատվությունը եւ պատիժը ծանրացնող հանգամանք՝ հանցագործությունը ալկոհոլի ազդեցության տակ կատարելը:
Ամբաստանյալը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, առաջ քաշել կատարվածի սեփական վարկածը՝ մեղքը փաստորեն բարդելով իր զոհի վրա: Այսպես, ըստ մեղադրանքի՝ Կոստանդ Մելքումյանը 2012թ. սեպտեմբերի 28-ին` ժամը 11:00-ի սահմաններում, իր բնակարանում հյուրընկալելով իր կնոջ ազգականներ` անչափահաս եղբայրներին, նրանցից մեկին զբաղեցրել է գունավոր մետաղների տեսակավորման գործով, իսկ մյուսին՝ կրտսերին, վերանորոգման աշխատանքների ընթացքը ցույց տալու պատրվակով, խաթարված ձեւով սեռական կրքին հագուրդ տալու նպատակով, խաբեությամբ տարել է ննջարան, որտեղ նրա նկատմամբ բռնության գործադրմամբ ու կյանքին վերջ տալու սպառնալիքով՝ անչափահասի նկատմամբ բռնի սեքսուալ բնույթի գործողություններ է արել, որոնք դադարեցրել է միայն գործողություններին ականատես դարձած անչափահասի եղբոր՝ ննջարան մտնելու պայմաններում:
Մինչդեռ, ըստ ամբաստանյալի՝ ինքն առաջարկել է անչափահաս եղբայրներին իջնել նկուղ եւ այնտեղ գտնվող ջրատաքացուցիչը մասնատել եւ հանել գունավոր մետաղները: Իրենք իջել են նկուղ, որտեղ ինքը երկու բաժակ օղի է խմել եւ հարցրել տղաներին` նրանք կցանկանան խմել, թե՝ ոչ: Տուժողի եղբայրը հրաժարվել է, իսկ տուժողը խմել է, թե՝ ոչ, ինքը չի տեսել: Քիչ անց իրենք բարձրացել են բնակարան, որտեղ ինքը տուժողի եղբորն առաջարկել է իր բնակարանի պատշգամբում մագնիսով առանձնացնել գունավոր մետաղները: Ինքը տուժողի հետ գնացել է ննջասենյակ ` այնտեղ կատարված վերանորոգումը ցույց տալու համար: Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողությունները տարեցը պատճառաբանել է միջանցքի նեղ լինելով, անչափահասի գործողություններով. տեսնելով վերանորոգումը, անչափահասն սկսել է իրեն գովաբանել ու թեքվել է իր կողմ, ավելին՝ ինքը կատարել է անչափահասի կամքը, թույլատրել է, որպեսզի նա իրականացնի իր ցանկությունները: Անչափահասի նկատմամբ որեւէ բռնություն չի կիրառվել, սպառնալիքներ չեն տրվել, ուստի՝ ինքը համաձայն չէ իրեն առաջադրած մեղադրանքի հետ:
Անչափահաս տուժողի օրինական ներկայացուցիչ` վերջինիս մայրը, դատարանին գրավոր դիմումում հայտնել է, որ իրականությանը չի համապատասխանում իր որդու ցուցմունքն այն մասին, թե «իբր Կ.Մելքումյանն իր նկատմամբ բռնություն է գործադրել»: Եղբոր կողմից նկատվելուց հետո է միայն իր որդին հասկացել արարքի ամոթալի լինելը եւ իրեն արդարացնելու համար հայտնել է թե իբր Կ.Մելքումյանը իր նկատմամբ բռնություն է գործադրել եւ սպառնացել: Համոզված է, որ Կ.Մելքումյանը զղջացել է իր արարքի համար եւ նրա նկատմամբ բողոք չունի:
Անչափահաս տուժողը ցուցմունք է տվել առ այն, որ ինքը ալկոհոլից թուլացած է եղել եւ չի հասկացել, թե ինչ է կատարվում: Ըստ տուժողի՝ ինքը, եղբորից վախենալով, նրան պատմել է, որ Կոստանդը իրեն սպառնացել է, ասել, որ կսպանի եւ բռնել է իր կոկորդից, միաժամանակ խնդրել է այդ մասին իրենց մայրիկին չպատմել: Երբ տուն են գնացել, ինքը սկսել է լաց լինել եւ մանրամասն պատմել է եղբորը, իսկ եղբայրն էլ իր պատմածով պատմել է մայրիկին: Հետագայում հասկացել է այդ արարքի ամոթալի լինելը, դրա համար էլ խաբել է եւ ասել, որ Կոստանդը բռնություն է գործադրել իր նկատմամբ:
Դատավճիռը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան՝ մեկամսյա ժամկետում:




























