Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դատը նորից հետաձգել են, այս անգամ մինչեւ հունիսի 8-ը: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Al-Ahram թերթը, այդ որոշումը կայացվել է, որպեսզի դատարանն ավելի շատ ժամանակ ունենա գործի բոլոր նյութերն ուսումնասիրելու համար, որը կազմում է մոտ 55 հազար էջ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կահիրեում, այսօր՝ մայիսի 11-ին, վերսկսվել է ցուցարարների սպանությունների գործով կրկնակի դատաքննությունը, որտեղ գլխավոր մեղադրյալը Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքն է:
Դատական գործընթացը պետք է սկսվեր դեռեւս ապրիլի 13-ին, սակայն հետաձգվել էր դատավորի ինքնաբացարկի պատճառով:
Ոստիկանական ակադեմիայի շրջանում անվտանգությունն ապահովելու գործում ներգրավվել են ավելի քան 300 ոստիկաններ եւ ՆԳՆ 60 զրահամեքենաներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հոսնի Մուբարաքի հետ միասին, մեղադրյալների նստարանին են հայտնվել նաեւ ՆԳ նախկին նախարար Հաբիբ ալ-Ադլին եւ 6 այլ բարձրաստիճան ոստիկաններ, ինչպես նաեւ նրա որդիներ Գամալն ու Ալյան:
Մուբարաքն ու ՆԳ նախկին նախարար Հաբիբն ալ-Ադլին 2012-ի հունիսի 2-ին Կահիրեի քրեական դատարանի վճռով դատապարտվել են ցմահ ազատազրկման այն բանի համար, որ 2011-ի գարնանը հրամայել են մարտական փամփուշտներ կիրառել ցուցարարներին ցրելու ժամանակ: 2013-ի հունվարի կեսերին Եգիպտոսի վերաքննիչ դատարանը բավարարել է Մուբարաքի փաստաբանների վերաքննիչ բողոքը եւ նոր քննություն նշանակել:




























