Թբիլիսիում, մայիսի 8-ին, Վրաստանում ՀՀ դեսպանությունը եւ «Կովկասյան տուն-մշակութային կապերի կենտրոնը» կազմակերպել են Հաղթանակի եւ խաղաղության տոնին նվիրված միջոցառում:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջոցառմանը ներկա են եղել Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, վրաց հասարակության եւ հայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Բացման խոսքում Դեսպան Մանուկյանը, շնորհավորական մաղթանքներ հղելով մայիսյան հաղթանակների կապակցությամբ, արժեւորել է Մեծ հաղթանակի եւ Շուշիի ազատագրման համար մղված մարտերում ազատագրական ոգով մարտի ելած հայ քաջասիրտ կամավորականների եւ ռազմական գործիչների անձնվեր պայքարի արդյունքները` խաղաղ եւ կայուն ապագա կերտելու հարցում: «Այս տոնը կրկնակի ուրախությամբ է լցնում յուրաքանչյուր հայի սիրտ, քանզի 22 տարի առաջ այս օրը` մայիսի 9-ին, հայոց պատմությունն արձանագրեց նոր հաղթանակ: Շուշիի ազատագրումը փառք ու պատիվ բերեց հայ ժողովրդին, որն այլեւս վճռական է՝ ապրելու ազատ եւ չհանդուրժելու որեւէ բռնություն»,-իր խոսքում նշել է ՀՀ դեսպանը:
Տոնական միջոցառումը բաղկացած էր երկու մասից` ցուցահանդեսից եւ համերգից: «Ուրարտուի արձագանքը» խորագրով ցուցահանդեսին ներկայացված էին թբիլիսահայ նկարչուհի Ալլա Անտոնյանցի աշխատանքները: Միջոցառման համերգային մասում հանդես են եկել թբիլիսահայ կատարողներ:




























