Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր` մայիսի 11-ին կայացած նիստում մերժել է «Ժառանգություն» կուսակցության ներկայացրած բոլոր դիմումները:
ԿԸՀ-ն նախ մերժեց վարչական վարույթ հարուցել «Բարեւ, Երեւան» դաշինքի վստահված անձ Նարինե Նազարյանի ներկայացրած 4 դիմումները, որոնցով վերջինս պահանջում էր ստուգել ՀՀԿ բոլոր շտաբները: Ըստ վստահված անձի, ՀՀԿ-ն ծախսերը ԿԸՀ-ին ցույց չի տվել եւ չի ընդգրկել հիմնադրամի ծախսերում: Վստահված անձը պահանջում էր նաեւ, որ ՀՀԿ-ն պետյուջե վճարի ցույց չտրված ծախսերի եռապատիկը:
ԿԸՀ-ն միաձայն մերժել է նաեւ «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչ Լուսինե Պետրոսյանի դիմումը` մայիսի 5-ին կայացած Երեւանի ավագանու ընտրությունները չեղյալ հայտարարելու մասին: Լուսինե Պետրոսյանը ավելի վաղ գրավոր խնդրել էր դիմումի քննարկումը կազմակերպել վաղը, քանի որ շուրջ 1500 էջ նյութ է համակարգվում եւ ֆիզիկապես այդ աշխատանքը ավելի վաղ ավարտել հնարավոր չէ: Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, թե դիմումը դաշինքի կուսակցությունների կողմից ստորագրված չէ, չկա կնքված լիազորագիր, եւ հնարավոր չէ պարզել, թե ում է ներկայացնում Լուսինե Պետրոսյանը: Դիմումը ներկայացված է ոչ թե «Բարեւ, Երեւան» դաշինքի, այլ լիազոր-ներկայացուցչի կողմից, ինչի իրավունքը նա, ըստ օրենսդրության, չունի: ԿԸՀ նախագահի խոսքով, իմաստ չունի դիմումի քննարկումը հետաձգել, եթե դիմումատուն չունի պատշաճ լիազորագիր: Մուկուչյանը նաեւ նշել է, թե ԿԸՀ որոշումը կարող են բողոքարկել երեք օրացուցային օրվա ընթացքում: «Բարեւ, Երեւան» դաշինքի լիազոր-ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանի հարցին ի պատասխան ԿԸՀ նախագահը նաեւ նշել է, թե ընտրությունները չեղյալ հայտարարելու վերաբերյալ դիմում այլեւ չեն կարող ներկայացնել, քանի որ ժամկետն ավարտվել է:




























