Սմոլենսկի մարզի Դորոգոբուժսկոյե շրջանում ոստիկաները վնասազերծել են վտանգավոր հանցագործին, որը սպանել էր իր երկու հարեւաններին` ամառանոցում իր մեղքով առաջացած ծխի հետ կապված բողոքի պատճառով: 25-ամյա տղամարդուն որոնում էին երկու օր:
Հատուկ գործողությանը մասնակցել են 700 ոստիկաններ, ինչպես նաեւ «Մերկուրի» հատուկ նշանակության 25-րդ ջոկատի մարտիկները, հայտնում է մարզային ՆԳՆՎ-ն:
Չարագործին հայտնաբերել էին ճահճուտում: Իրավապահները շրջափակել էին տարածքը: Զենքը վայր դնելու եւ հանձնվելու պահանջներին չարագործը մերժումով է պատասխանել եւ սկսել զինված դիմադրություն ցուցաբերել, նշվում է հաղորդագրության մեջ: Ոստիկանները ստիպված են եղել հանցագործին տեղում սպանել, գրում է NEWSru.com-ը:
2013թ. մայիսի 10-ին Դորոգոբուժսկոյե շրջանի Մատինկովո գյուղի 25-ամյա բնակիչը իր հողամասում կրակ էր վառել, որի ծուխը խանգարել էր հարեւաններին: Երիտասարդի եւ երկու հարեւանների `1959թ. ծնված տղամարդու եւ վերջինիս 1935թ. ծնված մոր միջեւ վեճ էր ծագել: Վեճի ընթացքում երիտասարդը չգրանցված հրացանից կրակել էր հարեւաններին եւ փախել:




























