Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնվել է սկանդալի կենտրոնում: Լրագրողները պարզել են, որ նա Թեթչերի հուղարկավորությանը Լոնդոն էր ուղեւորվել կնոջ հետ` երկտեղանոց մահճակալ ունեցող օդանավով: Բոինգ-767 օդանավում հատուկ կահավորված ննջասենյակը բյուջեին արժեցել է 130 հազար դոլար, հայտնում է «Էխո Մոսկվին»` վկայակոչելով Reuters-ին:
Լրագրողներն անմիջապես հիշեցրել են, որ 89-ամյա նախագահ Շիմոն Պերեսն իր թռիչքներում օգտվում էր օդանավերի սովորական նստատեղից, հաղորդում է ՆՏՎ-ն:
Վարչապետի աշխատակազմն արագ արձագանքել է. Նեթանյահուն չի իմացել ննջասենյակի գնի մասին, իսկ երբ իմացել է, հրահանգել է այլեւս նման բան չկահավորել: Սակայն իսրայելցիներին դա չի հանգստացրել: Այդ ամենը տեղի է ունեցել բյուջեի խիստ տնտեսմանը զուգահեռ, որով կառավարությունը սահմանում է սոցիալական ծախսերի կրճատում եւ հարկերի բարձրացում: 10 հազար իսրայելցիներ բողոքի ցույցի են ելել:
Մամուլը շարունակում է հարձակումները վարչապետի վրա, որն առանց այդ էլ հայտնի է իր ֆինանսական անհամեստությամբ: Միայն մի քանի ամիս առաջ Նեթանյահուին առանց քաղցրավենիքի էին թողել: Նա ստիպված էր եղել հրաժարվել իր սիրելի պաղպաղակից, երբ հայտնի էր դարձել, որ այն բյուջեին արժենում է տարեկան երեք հազար դոլար:




























