Շուրջ տասը տարի «Քլիվլենդի մոլագար» Արիել Կաստրոյի մոտ գերության մեջ անցկացրած երեք կանայք խնդրել են հարգել իրենց անձնական կյանքը եւ չեն ցանկացել շփվել մամուլի հետ: Ամանդա Բերրիի, Ջինա Դեհեսուսի եւ Միշել Նայթի հայտարարությունը մամուլի ասուլիսի ընթացքում ընթերցել է նրանց փաստաբան Ջիմ Վուլին:
«Ինձ ժամանակ է պետք` իմ ընտանիքի հետ անցկացնելու համար», - հայտնել է Դեհեսուսը: «Ես այնքան երջանիկ եմ տանը` իմ ընտանիքի հետ գտնվելու համար», - ներկայացուցչի միջոցով հայտնել է Ամանդա Բերրին:
Միշել Նայթը հայտնել է, որ ինքը «առողջ է, երջանիկ եւ ապահով» եւ ծրագրում է շփվել ընտանիքի, ընկերների եւ ժամանակին իրեն աջակցողների հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Միաժամանակ, մեղադրյալ Արիել Կաստրոյի եղբայրներ Պեդրոն եւ Օնիլը CNN-ի հետ բացառիկ հարցազրույցում հայտարարել են, որ ոչինչ չեն իմացել արյունակցի հանցագործությունների մասին: Մեղադրյալի եղբայրներին ձերբակալել էին նրա հետ միասին, բայց շուտով ազատել էին՝ անմեղ համարելով:
Երեք աղջիկները, ինչպես եւ նրանցից մեկի դուստրը մեկ շաբաթ առաջ ազատվել էին Քլիվլենդում գտնվող տնից, որտեղ նրանց բռնի պահում էր դպրոցական ավտոբուսի նախկին վարորդը:
Կաստրոյին առեւանգման չորս եւ բռնաբարության երեք դեպքերի մեղադրանք է ներկայացվել:




























