Սանկտ Պետերբուրգում մայիսի 12-ի երեկոյան ձերբակալվել է ռազմական ինստիտուտի 20-ամյա կուրսանտ Իլյա Կոմարովը՝ թմրանյութերի հետ կապված հանցագործություններով զբաղվող ոստիկան Ալեքսեյ Զելյոնսկիի ընտանիքին դաժանաբար սպանելու կասկածանքով: Առավոտյան հերթապահությունից վերադառնալով վերջինս հայտնաբերել էր կնոջ եւ 12-ամյա տղայի անկենդան մարմինները՝ դանակի բազմաթիվ հարվածների հետքերով: Անգամ շունը, որը, հավանաբար, փորձել էր պաշտպանել տերերին, սպանվել էր այդ նույն դանակով:

Սկզբում  վարկած կար, որ ինչ-որ մեկը վրեժ էր լուծել ոստիկանից  ` աշխատանքային գործունեության հետ կապված: Երբ ձերբակալել էին Կոմարովին, պարզվել էր, որ վրեժը կենցաղային հողի վրա է եղել:  Կուրսանտը բնակվում էր ներքեւի հարկի վարձու բնակարանում: Ըստ որոշ աղբյուրների՝ կարող էր տարաձայնություն լինել նրա ընկերուհու եւ ոստիկանության աշխատակցի կնոջ միջեւ: Բացի դրանից,  սպանվածների բնակարանից գողացվել էին զարդերը:  

Կոմարովն արդեն ցուցմունք է տվել: Նրա արյունոտված հագուստը եւ դանակը կցվել են  գործին` որպես իրեղեն ապացույցներ, հայտնում է ՆՏՎ-ն: Աղջիկը, որի պատճառով տեղի էր ունեցել սպանության հանգեցրած վեճը,  փախել էր, երբ ձերբակալել էին իր փեսացուին, հայտնում է Life News-ը:

Այս պատմությունը լուրջ հետեւանքներ կունենա նաեւ ՆԳՆ-ի ներքին զորքերի Սանկտ Պետերբուրգի ռազմական ինստիտուտի համար: Ինստիտուտի ղեկավարը եւ եւս մի քանի սպա հեռացվել են պաշտոններից: Կասկածյալի անմիջական հրամանատարները նույնպես կհեռացվեն աշխատանքից: