Սիրիայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռոբերտ Ֆորդը Քաթարի մայրաքաղաք Դոհայում Արեւմուտքի ստեղծած «Քաթարյան կոալիցիայի» անդամներին փոխանցել է ամերիկյան վարչակազմի նոր ցուցումները: Միջազգային պետական «Դամասկոս» ռադիոկայանը հաղորդում է, որ ցուցումները սիրիական արտասահմանյան ընդդիմության մասնակցություն են նախատեսում քաղաքական ճանապարհով Սիրիայի ճգնաժամը հաղթահարելու ջանքերում:
«Ֆորդը հանդիպել է «կոալիցիայի» որոշ ադամների` Սիրիայի կառավարության հետ երկխոսությանը մասնակցելու անհրաժեշտության մասին զրուցելու նպատակով: Մի շարք իրազեկ աղբյուրներ ընդգծում են, որ Դամասկոսում ԱՄՆ-ի նախկին դեսպանը, զրուցելով սիրիական զինված ընդդիմության ներկայացուցիչների հետ, ընդգծել է, որ երկխոսությանը մասնակցելու նրանց մերժումը վնաս կհասցնի ամերիկյան կողմին, որը Ռուսաստանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման շուրջ: Պետք է նշել, որ ավելի վաղ «Դոհայի կոալիցիան» ձեւավորվել էր ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների աջակցությամբ` կառավարության հետ երկխոսության չգնալու եւ սիրիական ընդդիմությանը պարտադիր զինելու պայմանով», - նշել է «Դամասկոս» ռադիոկայանը:




























