Պակիստանի  Բելուջստան նահանգի Քվետա քաղաքում մահապարտ-ահաբեկիչը հարձակում է գործել նահանգի ոստիկանապետի նստավայրի վրա: Հինգ մարդ զոհվել, 60-ից ավելին տուժել են:

Տեղի իշխանությունները հայտնում են, որ մահապարտը պայթուցիկով լի մեքենայով հարվածել է նստավայրի պատին: Հզոր պայթյունի վայրում փոս է գոյացել, հարեւան բազմաթիվ շինություններ  վնասվել են: Տարածքային ոստիկանության պետը չի տուժել, հայտնում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Հիշեցնենք, որ Պակիստանում անցկացվել էին խորհրդարանական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց արդյունքում հաղթել էր նախկին վարչապետ Նավազ Շարիֆի Պակիստանի մահմեդական լիգան: Քվեարկությունից մեկ օր առաջ «Թալիբան» շարժման ներկայացուցիչները բնակչությանը կոչ էին արել բոյկոտել ընտրությունները` նախազգուշացնելով մահապարտների սպասվող հարձակումների մասին: