Մայիսի 9-ի ուշ երեկոյան, Ուկրաինայի Տերնոպոլ քաղաքի Թատերական հրապարակում ադրբեջանցին ծեծի է ենթարկել երկու ուկրաինացի աղջիկների: Ամեն ինչ տեղի է ունեցել բազմաթիվ ականատեսների աչքի առջեւ: Ադրբեջանցին բարձրաձայն հայհոյել է եւ ոտքով հարվածներ հասցրել աղջիկներից մեկի կրծքին ու գլխին: Երբ ականատեսները օգնության են շտապել, հարձակվող տղամարդը զենքով սպառնացել է նրանց:

Տուժածներից մեկը՝ Սոֆիա Գուսակը պատմել է, որ երբ ինքն ընկերուհու՝ Քրիստինայի հետ իջել է մութ աստիճաններով, հետեւից ձայներ է լսել: Ինչ-որ մեկը ռուսերենով (ընդգծված առոգանությամբ) ոչ երկիմաստ ակնարկներ է արել, իսկ երբ հակազդեցության է արժանացել, սկսել է աղջիկներին վիրավորել, մարմնավաճառ անվանել եւ հարձակվել նրանց վրա:

Սոֆիան հասցրել է փախչել, իսկ 19-ամյա Քրիստինային ադրբեջանցին բռնել է մազերից եւ նետել ասֆալտին: Սոֆիան վերադարձել է եւ երկու անգամ ոտքով հարված է ստացել կրծքին եւ մեկ հարված ծնկով: Երբ աղմուկի վրա մարդիկ են մոտեցել, ագրեսորը վախեցել է տղամարդկանցից եւ «BMW X-5» մակնիշի, լեհական համարանիշներով ավտոմեքենայով դիմել փախուստի:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները կարողացել են գտնել ու ձերբակալել ուկրաինական անձնագիր ունեցող ադրբեջանցուն: Նա իրեն շատ ագրեսիվ է պահել եւ սպառնացել անգամ իրավապահներին: Նույնիսկ ոստիկանության բաժնում նա սպառնացել է կտոր-կտոր անել տուժած աղջիկներին:

Ոստիկանությունում աղջիկները ճանաչել են հարձակվողին, նա 35-ամյա Անար Մեջիդովն է: