Հարավային Կորեայի ափերի մոտ, այսօր` մայիսի 13-ին, սկսվել են Վաշինգթոնի եւ Սեուլի համատեղ ռազմածովային զորավարժությունները:

Զորավարժություններին, որոնք կտեւեն երկու օր, մասնակցում է նաեւ հարվածային խումբը` ամերիկյան ատոմային «Նիմից» ավիակրի գլխավորությամբ: Խումբը ներառում է նաեւ հրթիռային երկու էսմինց եւ հրթիռային հածանավ:

Անցյալ շաբաթ Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել են, որ դեմ են զորավարժությունների անցկացմանը` դրանք անվանելով ԿԺԴՀ-ի դեմ ուղղված ակնհայտ սպառնալիք եւ շանտաժ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան արդեն անցկացրել են մեծածավալ զորավարժություններ` Foal Eagle (Երիտասարդ արծիվ) անվամբ, որը տեւել է երկու ամիս: ԿԺԴՀ-ն այդ զորավարժություններին եւս դեմ է եղել: