Ինտերպոլը հրաժարվել է վրացի քաղաքական գործիչ Գիվի Թարգամաձեին կալանավորելու հրաման տալուց, քանի որ Ռուսաստանի իշխանությունների կողմից նրա նկատմամբ հետապնդումը քաղաքական է համարել: Այդ մասին ասված է միջազգային ոստիկանության գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլի նամակում՝ ի պատասխան Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի՝ Թարգամաձեի կարգավիճակը հստակեցնելու մասին հարցման: Նամակի պատճենը տպագրվել է  «Նովայա գազետա» թերթում:

 «Քննելով հարցումը (ռուսական Ինտերպոլի), Ինտերպոլի իրավական վարչությունը եզրակացրել է, որ այն չի համապատասխանում Ինտերպոլի կանոններին, ավելի հստակ՝ Կանոնադրության 3-րդ հոդվածին: Համապատասխանաբար,  ռուսական Ազգային կենտրոնական բյուրոյին հաղորդվել է, որ պարոն Թարգամաձեին առնչվող տեղեկատվությունը կհանվի Ինտերպոլի բազաներից եւ որ այս դեպքում Ինտերպոլի գծով փոխգործակցությունն անհնար է», - ասված է նամակում:

 «Կազմակերպությանը կտրականապես արգելվում է քաղաքական, ռազմական, կրոնական կամ ռասային բնույթի գործերին որեւէ միջամտություն կատարելը», - ընդգծել է Նոբլը:

Վիլնյուսի շրջանային դատարանը, որն օրինական էր ճանաչել Գիվի Թարգամաձեին ՌԴ-ին հանձնելու մասին Լիտվայի Գլխավոր դատախազության մերժումը, իր վճռում նաեւ նշել է, որ Թարգամաձեի հետապնդումը  քաղաքական դրդապատճառներ ունի: Բացի դրանից, ըստ փաստաթղթի, վրացուն Ռուսաստան արտահանձնելու մերժումը կապված է նաեւ այն բանի հետ, որ այն հանցանքները, որոնց համար Ռուսաստանում հետապնդում են Գիվի Թարգամաձեին, քրեական բնույթ չեն կրում` ըստ Լիտվայի օրենքների:   

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին վրացական խորհրդարանի պատգամավոր Գիվի Թարգամաձեն Վրաստան էր վերադարձել Լիտվայից, որտեղ գտնվում էր փետրվարից: Մայիսի 7-ին Թարգամաձեն հայտնել էր, որ Լիտվան պաշտոնապես հրաժարվել է իրեն Ռուսաստան արտահանձնելուց:

Ռուսաստանի Քննչական կոմիտեն Գիվի Թարգամաձեին համարում է Բոլոտնայա հրապարակում անկարգությունների կազմակերպիչներից մեկը: