Աշխատանքային շաբաթը գյուղատնտեսության նախարարությունում սկսվել է հրատապ խորհրդակցությամբ, նվիրված երեկ՝ մայիսի 12-ին, Արմավիրի մարզում տեղացած ուժեղ կարկուտի հետեւանքով ստեղծված իրավիճակի գնահատմանը, վնասի չափերը նվազագույնի հասցնելուն ուղղված օպերատիվ միջոցառումների կազմակերպմանը։

Գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ իրավիճակի մասին նախնական տեղեկատվությունը, ըստ նախարար Սերգո Կարապետյանի, ինքը եւ նախարարության պատասխանատուները ստացել են նախօրյակին, աղետից անմիջապես հետո, առավել տուժած համայնքներ այցելելու ժամանակ։

Վնասի իրական չափերի ճշգրտման գործընթացը տեղերում կազմակերպելու եւ մասնագիտական խորհրդատվության համար ստեղծվել է աշխատանքային շտաբ առաջին փոխնախարար Գրիշա Բաղիյանի գլխավորությամբ։ Փոխնախարարների գլխավորած մասնագիտական խմբերը, այս եւ հետագա օրերին, ԳԱՄԿ-երի ներկայացուցիչների ուղեկցությամբ կլինեն տուժած տնտեսություններում եւ համապատասխան աջակցություն կցուցաբերեն հողօգտագործողներին՝ առաջին անհրաժեշտության աշխատանքների կազմակերպման գործում։

 Նախարարի կարգադրությամբ այսօր կճշգրտվեն հանրապետությունում առկա սերմերի եւ սածիլների իրական ծավալները, անհրաժեշտության դեպքում տուժած տնտեսություններին տրամադրելու համար։