NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Կոտայքի մարզի Հացավան գյուղի 6-րդ փողոցի թիվ 15 տան բնակիչ 50-ամյա Սոս Քոչարյանի` դաշտում շանթահարվելու դեպքի մասին:

Հացավանի գյուղապետ Շավարշ Սարգսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Սոս Քոչարյանը իր հարեւանի հետ գնացել էր դաշտ սունկ հավաքելու: Դաշտ գնալու ժամանակ, գյուղապետի խոսքով, եղանակը հրաշալի էր, բայց հանկարծակի վատացել է, սկսվել է անձրեւ, ամպրոպ: «Կայծակը միանգամից իր վրա է խփել, ու տեղում այրվել, մահացել է: Հարեւանը իրենից 10 մետր հեռավորությամբ էր, իրեն բան չի եղել»,-ասաց Շավարշ Սարգսյանը:

Սոս Քոչարյանը ամուսնացած է, ունի 3 երեխա, դուստրը ամուսնացած է, եւ վերջինս արդեն թոռնատեր է, որդիները դեռ չեն ամուսնացել: Նա զբաղվում էր անասնապահությամբ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 12-ին, ժամը 23.10-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հացավան գյուղի 6-րդ փողոցի թիվ 15 տան բնակիչ 50-ամյա Ս. Քոչարյանը՝ ժամը 15.00-16.00-ի սահմաններում, դաշտում շանթահարումից մահացել է: