Կապան քաղաքի Լեռնագործների փողոցի 3-րդ նրբանցքի մոտակա ձորակն ընկած 43-ամյա Վարդան Թադեւոսյանը տեղում մահացել է: Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ Սարիկ Աթաջանյանը նշեց, որ վերջինիս մահացած են հանել ձորակից, «Շտապօգնության» մեքենայում նրան հետազոտելուց հետո անմիջապես տեղափոխել են դիահերձարան:
Ոստիկանության Կապանի բաժնից էլ NEWS.am-ին հայտնեցին, որ տղամարդը դեպքից մի ժամ առաջ դուրս է եկել տնից, այդ տարածքով զբոսնելիս ոտքը սայթաքել է եւ ընկել է մոտ 8 մետր բարձրությամբ ձորը: Կինը արթնացել է եւ հայտնաբերելով, որ ամուսինը տունը չէ, զանգել է 911, վերջիններս նրան հայտնաբերել են ձորն ընկած` մահացած: Դեպքը դժբախտ պատահար է, ոչ թե ինքնասպանության փորձ:
Ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ի դեպ, 43-ամյա Վարդան Թադեւոսյանը չէր աշխատում եւ երեխաներ չուներ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ մայիսի 13-ին, ժամը 08.03-ին ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Լեռնագործների փողոցի 3-րդ նրբանցքի մոտակա ձորակում ընկած մարդ կա. Վերջինիս դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 08.20-ին հրշեջ-փրկարարները ձորակից դուրս են բերել Լեռնագործների փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 38 տան բնակիչ 43-ամյա Վարդան Թադեւոսյանին:




























