Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը պնդում է, թե մեղադրանքներն անհիմն են: Իր տեսակետը փաստաբանը հնչեցրել է մայիսի 13-ին կայացած մամուլի ասուլիսում` դատաքննության նախօրեին:
Փաստաբանը նշել է, թե վեց հատորանոց գործում չկա Վարդան Սեդրակյանի մեղքը հաստատող որեւէ ապացույց, իսկ բոլոր մեղադրանքները կառուցվում են բացառապես ենթադրյալ կազմակերպչի եւ անմիջական մարդասպանի ցուցմունքների հիման վրա: Ի դեպ, տուժածի` ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի ցուցմունքները իր վրա հարձակվողի արտաքինի մասով, տարբերվում է իրականությունից, Հայրիկյանը խոսել էր սլավոնական արտաքինով եւ բարձրահասակ անձի մասին, մինչդեռ ձերբակալվածը կարճահասակ է եւ տիպիկ հայկական արտաքինով:
«Վստահ եմ որ այժմ 37 թիվը չէ, եւ մեկ մարդու ցուցմունքներով անհնար է դատապարտել մարդուն»,- ասել է փաստաբանը: Գործի թերություններից նա նշել է հապճեպությունը, որով ձերբակալվածներին ցուցադրել են բոլոր հեռուստաալիքներով. «Եւ այդքանից հետո ինչպես կարող էր Պարույր Հայրիկյանը ճանաչել նրան, ով կրակել է իր վրա: Այն բանից հետո, երբ ամեն ժամ նրանց 44 անգամ ցուցադրում էին հեռուստատեսությամբ»:
Ըստ փաստաբանի, անմիջական հարձակման վերաբերյալ քննչական փորձաքննություն չի արվել, փոխարենը փորձաքննություն են արել, թե ինչպես է մարդասպանն ազատվել ատրճանակից: Չի իրականացվել հոգեբուժական փորձաքննություն: «Յուրաքանչյուր ուսանող կնշի այդ թերությունները»,- ասել է փաստաբանը: Ինչ վերաբերում է Հայրիկյանի վնասվածքին, Սիրունյանը տարօրինակ բաներ է նկատել, նագանից 60 սմ-1մ հեռավորությունից արձակված գնդակը լռվել է հայրիկյանի ուսի մեջ եւ դուրս չի եկել, իսկ անցքը ավելի մեծ է գնդակից: հարցին, թե ինչու է Սեդրակյանը գումար փոխանցել հարձակման կազմակերպման մեջ կասկածվող անձին, Սիրունյանը հիշեցրել է, թե նա վերանորոգում էր անում Սեդրակյանի տանը:
Սիրունյանը տարօրինակ է համարում նաեւ այն, որ քրգործը հարուցվել է տեղի ունեցածից մեկ ժամ անց 305, այլ ոչ 104 հոդվածով: «Այսինքն, իրավապահներին հստակ հայտնի էր, որ հարձակվել են Հայրիկյան-քաղաքական գործչի, այլ ոչ Հայրիկյան-քաղաքացու վրա»,- նշել է փաստաբանը:
Ալեքսանդր Սիրունյանը նշել է, որ վաղը կայանալիք նիստում միջնորդելու է ազատ արձակել իր պաշտպանյալին, թեեւ հաջողության հույս չունի: Ընդհանուր առմամբ Սիրունյանը քրգործը մեծ, ոչ միտումնավոր սխալ է համարում, իսկ Սեդրակյանը գործով պետք է որպես վկա անցներ, այլ ոչ մեղադրյալ: Նշենք, որ Սեդրակյանը հրաժարվել է ցուցմունք տալուց:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ է կատարվել Երեւանի կենտրոնում` իր տան մոտ, հունվարի 31-ին, ժամը մոտ 23:20-ին: Դրանից հետո նա տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, վիրահատվել այնտեղ, իսկ վերջերս այնտեղից տեղափոխվել է Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոն:
Գործը հարուցվել է Հայաստանի ՔՕ 34-305 հոդվածով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով մահափորձ, որը նախատեսում է 12-20 տարվա ազատազրկում կամ ցմահ դատապարտում): Հայաստանի ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում, փետրվարի 7-ին, Հայրիկյանի վրա մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել են երկու տղամարդ` Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը, որոնք Երեւանում էին գտնվում անօրինական կերպով, առանց որոշակի զբաղմունքի, եւ ավելի վաղ դատապարտվել էին թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: Երկուսն էլ խոստովանական ցուցմունքներ են տվել, սակայն մինչ օրս հայտնի չեն նման քայլի դրդապատճառները:
Ավելի ուշ նախագահի մեկ այլ թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանն է կալանավորվել, նա մեղադրվում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձ պատվիրելու համար: Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահի թեկնածուի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար:
Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am




























